Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Խորվաթների տհաճ անակնկալը

Խորվաթների տհաճ անակնկալը
28.06.2016 | 12:08

Թերթն ընթերցելիս ֆուտբոլասերը, բնականաբար, արդեն գիտի մեկ քառորդը կազմած բոլոր զույգերը, քանզի նրան հայտնի են երեկ երեկոյան կայացած Իսպանիա-Իտալիա, Անգլիա-Իսլանդիա դիմակայությունների հաղթողները, և թե նրանցից ով է հաջորդ փուլում մրցակից ստացել Գերմանիայի ու Բելգիայի ընտրանիները: Այս չիմացության արդյունքում, ինչ խոսք, մեր ասելիքը էականորեն տուժում է, բայց սա է իրականությունը, ընդդեմ որի ոչինչ չես կարող անել:

ԼԵՀԱՍՏԱՆ-ՇՎԵՅՑԱՐԻԱ
Որքան էլ ընթերցողին պարադոքսալ ներկայանա, այդուհանդերձ, պիտի փաստենք, որ Լեհաստանի ու Շվեյցարիայի ընտրանիներն առաջին անգամ էին խաղում Եվրոպայի առաջնությունների փլեյ օֆի փուլում: Այո, այո: Մի՛ զարմացեք՝ առաջին անգամ:
Հանդիպումը, պիտի որ իմանաք, Սենտ Էտիենի «Ժեֆրուա Գիշար» մարզադաշտում էր, որտեղ կայացած Եվրոպայի այս առաջնության բոլոր խմբային հանդիպումներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով: Առաջ ընկնելով ասենք, որ նույնպիսի արդյունք գրանցվեց և այս մեկում՝ 1:1 (բնականաբար՝ հիմնական ժամանակում ու դեռ հավելյալն էլ վրադիր): Մեր հավատավոր ընթերցողներից ոմանք, բնականաբար, կարող են նեղանալ նման կարգի ինֆորմացիա իմանալու և նախապես չտեղեկացնելու համար, բայց ի՞նչ իմանայինք, որ կարող էիք և չիմանալ: Լավ, եկեք ձեր ունեցած հնարավոր դառնությունը մեղմելու համար այսպես պայմանավորվենք՝ ես ձեզ կտամ ուղղորդիչ մի ինֆորմացիա, իսկ դրանից հետո ինչպես վարվելն արդեն ձեր գործն է: Լեհաստանի ընտրանու մեկ քառորդի հանդիպումը պորտուգալացիների հետ է (հո չմոռացա՞ ասել, որ տասնմեկմետրանոցներով հաղթել են շվեյցարացիներին), Մարսելում, այն նույն Մարսելում, որտեղ խմբային վճռականում հաղթեց ՈՒկրաինայի հավաքականին:

ԽՈՐՎԱԹԻԱ-ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ
Խմբայինում իսպանացիների նկատմամբ խորվաթների խաղն այնքան տպավորիչ էր, որ միանգամից անցան առաջնության գլխավոր ֆավորիտների դաս: Թվում էր, թե խմբայինում այդպես էլ ոչ մի հաղթանակ չտոնած պորտուգալացիները (միակ թիմն է, որ երեք ոչ-ոքիով անցավ փլեյ օֆ) շաշկիավորների դեմ բան չեն ունենալու: Եթե անկեղծորեն խոսենք, բան էլ չունեցան մինչև հանդիպման 117-րդ րոպեն, բայց այնպես էլ չէ, թե խորվաթները մինչ այդ սարեր էին շուռ տվել: Եթե պորտուգալացիները 117-րդ րոպեին կարողացան առաջին դիպուկ ու դիպուկի հետ մեկտեղ գոլային հարված կատարել, ամբողջ խաղի ընթացքում խորվաթներն անգամ մեկ նշանառու հարված անելու զորություն չունեցան: Այսքանից հետո, ասեք, բա վատ է՞, որ նրանք դուրս մնացին հետագա պայքարից: Եվ, այնուամենայնիվ, թույլ տվեք ասել, որ նրանք այս առաջնությունից պատմության մեջ կմնան իսպանացիների նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակով ու մարզասերին արդեն իսկ մեկ ութերորդում գլխավոր եզրափակչին վայել Իտալիա-Իսպանիա մրցակցություն պարգևելով:

ՈՒԵԼՍ-ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱ
Այս դիմակայության երկու կողմերն էլ արդեն իսկ գլխից վեր էին թռել՝ առաջնության այս փուլի մասնակցության իրավունք ձեռք բերելով: Հիշեցնենք, որ «Եվրո 2016»-ը երկուսի համար էլ նորամուտի Եվրո էր: Քանի որ սույն մրցակցության առնչությամբ խոսելու առանձնապես բան էլ չկա, կարճ կապենք՝ ուելսյան հեքիաթը շարունակվում է՝ շնորհիվ նվազագույն հաշվով ձեռք բերված հաղթանակի: Այստեղ գրանցվել է ինքնագոլ:

ԻՌԼԱՆԴԻԱ-ՖՐԱՆՍԻԱ
Այս առաջնությունում Ֆրանսիայի ընտրանու բախտը չի բերում այնքանով, որ մինչ այժմ նրան դիմակայած հավաքականները խաղում են (խաղացել են) պաշտպանությունից: Բացառություն չեղավ և Իռլանդիայի ընտրանին ու կարող էր իր նախորդներից անհամեմատ հաջողակ լիներ, եթե Դիդիե Դեշամը երկրորդ խաղակեսում չգնար խաղի կառուցվածքային փոփոխության, ինչը հնարավորություն տվեց հաշիվը հավասարեցնելու (իռլանդացիները գոլը խփել են տասնմեկմետրանոցից), ապա ևս երկու անգամ մրցակցին հարկադրել խաղը վերսկսելու դաշտի կենտրոնից:
Վերն արդեն ասել ենք, որ նյութը գրելու պահին մեզ անհայտ էր, թե Անգլիայի ու Իսլանդիայի հավաքականներից որ մեկը քառորդ եզրափակչում կլինի նրա մրցակիցը: Եթե այն լինելու է Իսլանդիայի ընտրանին, փաստորեն լինելու է մինչև այժմ եղածի շարունակություն, եթե լինելու են անգլիացիները, ովքեր նույնպես խաղալու սեր ունեն (նկատի ունենք հարձակողականությունը), այնժամ կտեսնենք, թե որքանով է Ֆրանսիան այս առաջնության ֆավորիտներից մեկը: Գուցե նման ձևակերպումը Ֆրանսիայի ընտրանու երկրպագուներին այնքան էլ դուր չգա, բայց մենք ասում ենք այն, ինչ ասում ենք ու դուր գալու արվեստին երբեք էլ տուրք չենք տվել մեր դատողություններում:

ԳԵՐՄԱՆԻԱ-ՍԼՈՎԱԿԻԱ
Որ Սլովակիայի ընտրանին գերմանացիներին զույգ չէր կարող լինել, թող ներվի ասելը, չեմ կարծում, թե կասկածող կար: Այսպես ասելս, ինչ խոսք, չի վերաբերում ամեն գնով օրիգինալ երևալու սիրահարներին: Չեմ առարկում՝ գերմանացիներն այս առաջնությունում «սայլը» լծելիս առանձնապես չէին շտապում, սակայն այն, որ իրենք «Մերսեդես» են, ու իրենց դեմ եղած ճանապարհն էլ՝ ավտոբան-մայրուղի, իհարկե, ոչ Հայաստանում կառուցվողի մակարդակի, սա նրանց ճշմարտությունն է, կայուն համոզմունքը: Սլովակները, այո, ընկան գերմանական ավտոյի տակ, ու գոնե լավ է այնքանով, որ նրանց վրայով անցավ այդ մեքենայի երեք անիվը միայն: Կարծում եմ՝ պատկերավոր խոսքի մեջ ընկալեցիք հանդիպման արդյունքը, և լրիվ իմաստազուրկ է, եթե մի հատ էլ ասեմ, որ խաղն ավարտվել է 3:0 հաշվով:

ՀՈՒՆԳԱՐԻԱ-ԲԵԼԳԻԱ
Գերմանիա-Սլովակիա հանդիպման տրամաբանությունը պիտի լիներ և Հունգարիա-Բելգիա դիմակայությունում, որքան էլ որ մադյարներն ապշելու աստիճանի դիտվեցին պորտուգալացիների հետ խմբային մրցավեճում: Հունգարները ջանացին այնքան ժամանակ, քանի դեռ բելգիական երիտասարդ, ագրեսիվ թիմը չանցավ որսը մասերի բաժանելու գործընթացին: 4:0 հաշիվը եղածի ավելի քան համոզիչ արտահայտությունն է ու, անկեղծ ասած, մեկ քառորդում չեմ էլ պատկերացնում, թե ուելսցիներն ինչ հակափաստարկներ պիտի ունենան ընդդեմ բելգիացիների:
Ընդհանուր գծերով ահա այսքանը մեկ ութերորդի հանդիպումների մասին: Եթե ընթերցողն ավելիին էր սպասում, ու չարդարացրինք նրա ակնկալիքները, խնդրում ենք ներողամիտ լինել, որովհետև մեր թերասածությունները շատ բաներով պայմանավորված էին երեկվա խաղերի մասին չունեցած ինֆորմացիայով: Հետո մի բան էլ. չմոռանանք (չմոռանաք)՝ երեկ խաղում էր իմ երկրպագած թիմը, ու, անհանգինստ սպասումների մեջ լինելով, բնականաբար, շատ բաների սիրտ չունեմ:

ԿԱՐԾԻՔՆԵՐ


ՅՈԽԱԻՄ ԼՅՈՎ (Գերմանիայի ընտրանու գլխավոր մարզիչ) -Մրցակիցների նկատմամբ ողջ հարգանքով հանդերձ այսօրվա հաղթանակը ցուցանիշը չէ նրա, որ մենք գերակայելու ենք մրցաշարում: Մենք դեռ աշխատելու բան ունենք: Եթե մենք ցանկանում ենք մեր ծանրակշիռ խոսքը նորից ասել, անվերապահորեն անհրաժեշտ է եղածն ավելացնել: Հաջորդ խաղում մենք մրցակցին ազատ տարածություն չպիտի տանք: Հարկ կլինի առավելագույնս արդյունավետ օգտագործել մեր պահերը, որոնք այնքան էլ շատ չեն լինելու:
ԱՆՏՈՆԻՈ ԿՈՆՏԵ (Իտալիայի ընտրանու գլխավոր մարզիչ) -Բոլորը խոսում են պաշտպանությունից, այն մասին, որ մենք պիտի զգուշավոր լինենք, որ Իսպանիան զգուշանա մեր խաղից: Մենք չենք պատրաստվում կորուսյալ գառներ լինելու: Իսպանացիներին հարկ կլինի ապացուցել, որ մեզնից լավն են: Մեր պաշտպանությունը լավ է կազմակերպված, սակայն դա վերաբերում է և հարձակմանը: Պիտի փորձել սենսացիա անել: Անհնարին ոչինչ չկա, այլապես կյանքում ու ֆուտբոլում ամեն ինչ պարզունակ կլինի: Եթե Իսպանիայի ընտրանին հաղթի, մենք առաջինը կշնորհավորենք նրանց, սակայն սկզբում մրցակիցը պիտի արժանի լինի հաղթանակի:
ՍԵՍԿ ՖԱԲՐԵԳԱՍ (Իսպանիայի ընտրանու կիսապաշտպան)- Ըստ իս, Իսպանիայի հավաքականը շատ լավ մարզավիճակում է: Ամենակարևորը վաղվա խաղում հաղթելն է: Մենք գիտենք, որ մեր առավելագույնը պիտի անենք: Իտալացիների դեմ խաղալը միշտ էլ շատ ծանր է, իսկ տակտիկական առումով այս անգամ ավելի ծանր կլինի: Սակայն մենք այս անգամ հնարավոր է հարձակման մի քանի տարբերակներ ունենանք:
ՋԱՆԼՈՒԻՋԻ ԲՈՒՖՈՆ (Իտալիայի ընտրանու դարպասապահ) -Եթե վերցնենք իսպանացիների հետ պաշտոնական վերջին չորս հանդիպումը, մենք միայն մեկ անգամ ենք բացահայտ թույլ եղել: Դա եղել է «Եվրո-2012»-ի եզրափակչում: Ըստ իս, այդ խաղին մենք ընդառաջ եկանք ֆիզիկապես ու բարոյապես հյուծված, դրա համար էլ մրցակիցը մեզ գերազանցեց: Մնացյալ երեք խաղում արձանագրվել է ոչ-ոքի: Ընդ որում, դա վերաբերում է նաև լրացուցիչ տասնհինգրոպեանոցներին: Իսպանիայի ընտրանին այդ տարիներին ուժեղագույնն էր, սակայն մենք մրցակցի համար պրոբլեմներ էինք ստեղծում: Կարծում եմ՝ մենք միակ թիմն էինք, որ այդ ժամանակ բարդացնում էինք իսպանացիների կյանքը:
ՄԱՐԿ ՎԻԼՄՈՏՍ (Բելգիայի ընտրանու գլխավոր մարզիչ) -1:0 հաշիվը լուսատախտակի վրա երկար մնաց: Մինչև ընդմիջում մենք պիտի հաշվի մեջ առաջ լինեինք երեք գնդակի տարբերությամբ: Երկրորդ ու երրորդ գոլերի միջև շատ ժամանակ չանցավ, սակայն պետք է պահերը լավ իրացնել, որովհետև մեծ խաղերում դրանք շատ չեն լինի:
ԳԱԲՈՐ ԿԻՐԱՅ (Հունգարիայի ընտրանու դարպասապահ) -Թիմն արեց հնարավոր ամեն ինչ: Մենք հիմա ոժասպառ ենք, որովհետև խաղին տվեցինք հնարավոր ամեն ինչ: Մենք խաղացինք Բելգիայի հրաշալի հավաքականի հետ, որը բոլոր հնարավորություններն ունի Եվրո-2016-ի հաղթողը դառնալու համար:
ԷԴԵՆ ԱԶԱՐ (Բելգիայի ընտրանու կիսապաշտպան) -Հոյակապ խաղ, որում մենք արժանի էինք հաղթանակի: Կարող էինք և ավելի շատ խփել, սակայն մրցակիցների դարպասապահը մի քանի անգամ փրկեց դարպասը: Մենք դուրս ենք եկել մեկ քառորդ, դրա համար էլ երջանիկ ենք: Ներկա պահի դրությամբ Բելգիայի ընտրանին դեռևս ոչնչի չի հասել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1422

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ